Ջաննի Ռոդարի
«Բի» մոլորակի վրա գրքեր չկան: Գիտելիքներն այնտեղ վաճառում և գնում են շշերի մեջ: Պատմությունն, օրինակ, վարդագույն ջուր է, նռան հյութի նման, աշխարհագրությունը՝ անանուխի կանաչ ջուր, իսկ քերականությունը անգույն հեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:
«Բի» մոլորակի վրա դպրոցներ չկան: Ամեն մեկն իր տանն է սովորում: Առավոտյան բոլոր երեխաները, կախված տարիքից, պետք է մի բաժակ պատմություն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկա ուտեն և այդպես՝ շարունակ: Պատկերացնո՞ւմ եք, այսքանից հետո երեխաները դեռ կամակորություն են անում:
– Խելացի եղիր,- համոզում է մայրը: – Մի՞թե դու չգիտես, թե ինչքան համեղ է կենդանաբանությունը: Ախր այն շատ քաղցր է, է՛: Հարցրո՛ւ Կարոլինային (Կարոլինան նրանց տան էլեկտրական ռոբոտն է):
Կարոլինան համաձայնում է փորձել շշի պարունակությունը: Մի քիչ լցնում է իր բաժակի մեջ, խմում է և վայելում:
– Ի՜նչ համեղ է,- բացականչում է նա և անմիջապես սկսում է շարադրել իր ստացած գիտելիքները. «Կով՝ որոճացող անասուն, սնվում է խոտով և մեզ շոկոլադե կաթ է տալիս…»:
– Ա՛յ, տեսնո՞ւմ ես,- ասում է մայրը՝ ինքն իրենից գոհ:
Դե ինչ պիտի անի: Նա մի թեթև գուշակում է, որ խոսքը կենդանաբանության մասին չէ, այլ՝ ձկան յուղի, բայց հետո հավաքում է իրեն, փակում է աչքերը և ծափահարությունների ներքո մի կումով կուլ է տալիս դասը:
Այնտեղ կան նաև ջանասեր աշակերտներ, կան աշխատասերներ և նույնիկ՝ ուսման ծարավներ: Նրանք արթնանում են կեսգիշերին, զգույշ վերցնում են պատմության շիշը և խմում մինչև վերջին կաթիլը: Դրանից նրանք շատ կրթված են դառնում:
Մանկապարտեզ հաճախող երեխաների համար էլ ուսումնական կոնֆետներ կան: Դրանք ելակի կամ արքայախնձորի համ ունեն, պարունակում են մի քանի պարզ բանաստեղծություն, շաբաթվա օրերի անվանումները, մեկից մինչև տասը թվերը: Իմ ընկեր տիեզերագնացը ինձ մի այդպիսի կոնֆետ տվեց: Ես այն իմ աղջկան տվեցի, և նա անմիջապես սկսեց Բի մոլորակի լեզվով գրված ծիծաղելի բանաստեղծություն կարդալ: Այն մոտավորապես այսպես էր հնչում.
Անտա-անտա, պերո-պերո,
Պինտա-պինտա, պիմ պերո:
Հարցեր և առաջադրանքներ
1․ Տեքստում կարմիրով գունավորի՛ր ածականները(ինչպիսի՞ հարցին պատասխանող)։
2․ Տեքստից առանձնացրո՛ւ բարդ բառեր և բաժանի՛ր արմատների։ Օրինակ՝ մանկապարտեզ = մանուկ + պարտեզ
3․ Տեքստից առանձնացրո՛ւ հոգնակի բառեր և դարձրո՛ւ եզակի։ Օրինակ՝ շշեր – շիշ